Back

«Ծնողի այբուբեն․ դրական ծնողավարության հիմունքները» ծրագրի մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը և «Ծնողի դպրոց» ծնողավարման, կրթական և հոգեբանական աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ մշակել են գիտակցված և դրական ծնողավարության առաջին հայալեզու համալիր կրթական ծրագիրը, որը 2022 թվականի սեպտեմբերից հասանելի է առցանց կրթական ծրագրի ձևաչափով և անվճար հիմունքներով:

Ուսումնական ծրագրի նպատակն է՝ իրազեկել ծնողներին գիտակից և ստեղծագործ ծնողավարման ամենաարդիական և կարևոր թեմաների մասին՝ զարգացնելով ծնողավարման նրանց կարողությունները, ապահովելով ծնող-երեխա փոխվստահությունն ու երեխայի զարգացման համար առողջ և ապահով միջավայրի ստեղծումը ընտանիքում, նվազեցնելով հոգեբանական և ֆիզիկական ճնշումը երեխաների վրա, նպաստելով երեխաների ընդհանուր բարեկեցությանը:

Ծնողավարության առցանց ծրագիրը մշակվել է Ծնողի դպրոցի հոգեբան մասնագետների կողմից, որոնց մասին մանրամասն տեղեկություն զետեղված է «Մասնագետներ» բաժնում:Ծրագիրը բաղկացած է վեց թեմաներից՝

  1. Ծնող-երեխա արդյունավետ հաղորդակցում.
  2. Կարգապահություն
  3. Սահմանափակումներ և պատիժ
  4. Արդյունավետ խրախուսանք
  5. Որակյալ ժամանակ երեխայի հետ
  6. Երեխաների հոգեբանական զարգացման տարիքային առանձնահատկությունները

Յուրաքանչյուր թեմա ունի իր սահմանված նպատակներն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև կից տեսանյութերի շարք, որոնք պետք է դիտել, ապա կատարել գործնական առաջադրանքները և վերջում ընթերցել լրացուցիչ ընթերցանության նյութերը՝ թեմայի շուրջ հնարավոր հարցերը պարզաբանելու, լրացուցիչ հուշումներ ստանալու համար: Ամեն թեմա ունի նաև իր ամփոփաթերթը, որի միջոցով հետագայում կկարողանաք հեշտությամբ վերհիշել անցած գիտելիքները ու հետևել, թե ինչպես եք կիրառում մասնագետների փոխանցած հմտություններն ու մեթոդները:

Դե ինչ, անցե՛ք մեզ հետ գիտակցված և դրական ծնողավարության ծրագիրը՝ գրանցվելով կայքում։ Տեսադասերը հասանելի կլինեն միայն գրանցումից հետո։ Տեղերը սահմանափակ են: Դասընթացը հասանելի կլինի մինչև 2022 թ․ դեկտեմբերի 26-ը։

Սիրելի ծնող, եթե հետաքրքրված ես դրական ծնողավարման, դաստիարակության, երեխաների սնուցման և խնամքի թեմաներով, ապա այս ուսումնական դասընթացին զուգահեռ, խորհուրդ ենք տալիս նաև հետևել ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բեյբիսեֆ՝ www.babycef.am հարթակին: